Wednesday, March 26, 2014

Ճշմարտության Ճանապարհին

1 Փողոցի անկյունում մի աղջիկ էր կանգնած ցնցոտիներով, ցնցոտիներ էր հագել, մենք էլ քայլում էինք փողոցի լայնքով մեկ, ուրախ զվարթ, խոսքով ու ծիծաղով, ասես հարբած լինեինք, բայց ոչ գինուց, լուսաբաց էինք դիմավորել, դարչնագույն առավոտ էր, ճանապարհը կաթնագույն: Այդ ցնցոտիներով աղջիկը կամ կինը ուղիղ աչքերիս մեջ էր նայում, նույն վարկյանին կողքիս ընկերս ասեց - «Հլա ցնցոտուն նայի, ուղիղ աչքերիս մեջ է նայում», մեզ հետ քայլող աղջիկներից մեկը թե - «Երեխեք էս ցնցոտին ուղիղ աչքերիս մեջ է նայում, կարող է այնպիսիներից է»? ու -- մի ճայթքուն ծիծաղ բռնեց բոլորիս մոտ... (փաստորեն այդ կինը կարողանում էր միաժամանակ նայել բոլորիս աչքերի մեջ, դե Աստված էր, իսկ մենք ոչ մեկը, ոչ մյուսը, չէինք հասկացել): Ես էլ ասի - «Հլա գնամ տեսնեմ ով է այդ ցնցոտիներով աղջիկը, ոնց որ ուղիղ ինձ է նայում», ասես արագ տեղ հասա ու ասեցի - «Այ աղչի, ոնց-որ հերս լինես, ուղիղ աչքերիս մեջ ես նայում հոր պես», եւ ահա լսեցի տղամարդու ձայն, այլ ոչ կնոջ, ձայնը մի քիչ խռպոտ էր, մի քիչ փափուկ, անգամ հաճելի, ասեց - «Բարեւ Որդիս, Ես Տերն եմ, Աստվածը, եկել եմ քեզ փրկելու»: (Շարունակելի)2 Աստծու հագած ցնցոտին սեւ էր, բայց ասես նոր լիներ, մաշված չէր, կտոր-կտոր կպցրած էր իրար եւ այնպիսի լավ հոտ էր բուրում կնոջից, որ բացում էր շնչառությունը եւ լավացնում տրամադրությունը, կինն էլ այնպիսի դեմք ուներ, որ միայն ասես Աստծուն հարիր կլիներ, մոտիկից գեղեցիկ էր, իսկ հեռվից հիասքանչ, մաշկի գույնը սպիտակ-ոսկեգույն-կանաչ էր, մազերի գույնը որդան կարմիր եւ մի անբացատրելի շոշափելի աուրա ուներ Աստված: (Շարունակելի)3 Գեղեցկության պատճառով էր, որ Աստծու դիմագծերը կարծես կնոջ դիմագծեր լինեին - ծիծաղկոտ, իսկ մարմինը տղամարդու մարմին էր հիշեցնում, կեցվացքից երեւում էր, որ ուժը տեղն էր, դե ավելին (ինչպես կարելի է Աստծու ուժը չափել?!), Նրա ետեվի մասում օդից կախված թափանցիկ մի դուռ կար կիսաբաց, որը դեպի անվերջություն էր տանում պատռելով աստղակույտերը եւ այդ անվերջությունից մի հրաշալի երաժշտություն էր լսվում, կարծես միայն ինձ համար: (Շարունակելի)4 Ես զգացի, որ փրկությունը արդեն կատարված էր, նաեւ սարսուռով զգացի թե դեռ ինչ ու ինչեր պիտի կատարվեր ինձ հետ, եւ ովքեր ինձ հետ էին, եւ ովքեր էլ ինձ հետ չէին, ասես դժոխքը ոտքերիս տակ դղրդաց ու կանչեց, Աստված ինձ ասեց - «Երբ որ վախենաս, Ես քեզ ուրախություն կուղարկեմ եւ մխիթարություն»: (Շարունակելի)5 Հարցրեցի Աստծուն - «Իսկ եթե ձանձրանամ, ես գիտեմ, որ ձանձրույթը վախից վատն է», Աստված ասեց - «Երբ որ ձանձրանաս իմացիր, որ խաչի վրա ես, առանց մեխ, առանց փայտ խաչված, խաչը դա ձանձրույթի նշանն է եւ իմացիր, որ մարդիկ քեզ դիտմամբ ձանձրացրել են եւ խաչել»: (Շարունակելի)6 Նորից Աստված խոսեց ու ասեց - «Վերադարձիր ընկերներիդ մոտ, Ես էլ գնամ դեպի երկինք, դեպի Իմ աներեւույթ աթոռը, տուն վերդառնալուն պես սեղանին կտեսնես մեկ բաժակ մեղրով կաթ այն կխմես ու իննը ամիս ոչ ոք չի կարող քեզ ձանձրացնել, դու ուղակի բերանդ բաց քահ-քահ կծիծաղես նրանց վրա, անունդ էլ Ծիծաղ կլինի, իննը ամիս հետո նրանք մեկ օր կունենան քեզ ձանձրացնելու համար, դրանից հետո Աստվածաշունչը ինչպես մուրճ կիջնի նրանց գլխին, քեզ ձանձրացնողների գլխին ու ծակ կբացի նրանց գլխի մեջ, քու գլխին էլ կիջնի, բայց չի ծակի, ինչպես որ իրենք են ասում թե -- լավություն անողի գլուխը ծակ է, նույնպես էլ վատություն անողի գլուխը ծակ պիտի լինի»: (Շարունակելի)7 Աստված ասեց - «Գրպանումդ գումար կա, ամբողջը ինձ տուր եւ այն կգտնես այն նույն սեղանին, որտեղ կաթը կլինի, ընկերներիդ կասես, որ մի մուրացիկ էր փող էր ուզում, դու գնա եւ մինչ դուք չհեռանաք Ես այստեղ կմնամ», այդպես էլ արեցի, մենք հեռացանք եւ ես հետո հասա տուն: (Շարունակելի)8 Այդ օրը ամառն էր, օրն էլ ամառ էր, լինում է ասենք, որ ամիսը ամառ է լինում, իսկ օրը ասես ձմեռ լինի, կամ էլ ամիսը ձմեռ է լինում - ցուրտ, իսկ օրը ամառ, կամ գիշեր է լինում, բայց ասես ցերեկ լինի, ցերեկ է լինում, ասես խավար լինի, լինում է կուշտ ես լինում, բայց ասես սոված լինես եւ սարից իջած անհաց, անջուր մի գազան, լինում է որ սոված ես լինում, բայց ասես կուշտ լինես, լուռ ես լինում բոլորը ծափահարում են քեզ, խոսում ես, բայց պարզվում է, որ սուլել ես, այդ օրն էլ էր ամառ, ամիսն էլ էր ամառ եւ ես տան դռան մոտ էի, դուռը բանալիով փակ էր, ձեռքս գրպանս տարա եւ տեսա, որ բանալին չկա, մտքումս ասեցի - «Կամ կորցրել եմ, կամ փողերի հետ տվել եմ Աստծուն», նորից մտքումս ասեցի - «Լավ է էլի, տունս ու փողերս ապահով երկնքում են», տեսա որ տանս լուսամուտը փոքր-ինչ կիսաբաց էր, լուսամուտով տուն մտա եւ տեսա որ սեղանին դրված էին մի բաժակ կաթը, փող եւ բանալիներ: (Շարունակելի)9 Առաջին անգամն էր, որ մաշկիս վրա զգացի Գրվածքի այս խոսքերը - «Այնժամ պիտի ամաչի նրանց հեթանոս սիրտը, եւ իրենք պիտի զգան իրենց գործած մեղքերի ծանրութիւնը», ասես ուսերիս քարե կուռք նստած լիներ - ծանր, զգացմունքներս փոթորկի պես պատել էին ինձ եւ պատրաստ էին մատերիա դառնալու դեպքում մայրցամաքները երեսն ի վայր շուռ տալու, ես որ թագավորի նման էի ման գալիս եւ կանգ չէի առնում մինչեւ որ առյուծ դուրս չգար դեմս, դարձել էի ասես մի որբ, որ մեծանալով դուրս է եկել որբանոցից, դժվարաքայլ մոտեցա սեղանին, կաթը խմեցի եւ հիշում եմ, որ բաժակը ձեռքիս երեսն ի վայր ընկա հատակին: (Շարունակելի)10 Մեղրի համն ու քաղցրությունը դեռ բերանիս մեջ էին, դռան թակոցից եւ Սառայի ձայնից կարծես ուշքի եկա, Սառան թակում էր դուռը եւ կանչում - «Իսահակ, Իսահակ,...», հազիվ բացեցի բերանս եւ ասեցի - «Սառա լուսամուտով ներս մտիր, դուռը փակ է, - ես ինձ վատ եմ զգում, - ինչու ես այս ուշ գիշերով եկել», քիչ հետո զգացի, որ Սառան փորձում էր ինձ օգնել, որ բարձրանայի հատակից եւ ասեց - «Այ տղա ինչ ուշ գիշեր, օրը ցերեկ է, - ուր ես այս երեք օր է չկաս»: Ես հասկացա, որ կուրացել եմ եւ երեք օր հատակին ընկած եմ մնացել, ցանկանում էի Սառայից թաքցնել կույր լինելս, իսկ նա կասկածանքով հարցրեց - «Այդ ինչու ես սառած աչքերով ինձ փնտրում եւ ինչու ասեցիր - ուշ գիշերով ինչու ես եկել», ես նաեւ հիշեցի, որ սեղանին ինչ-որ մի թուղթ էր դրված եւ վրան բան էր գրված, բայց կաթը խմելուց առաջ չէի կարդացել, Սառային ասեցի - «Սեղանի վրա մի թուղթ պիտի լինի, կարդա տես ինչ է գրված, իմ աչքերը կծպծում են, շփոթված սխալ հեղուկով եմ լվացվել, աչքերս երեւվի բորբոքվել են», Սառան կարդաց - «Երեք օր հետո կտեսնես», ես հասկացա, որ սա Աստծու թուղթն է, Աստված նաեւ գիտեր, որ ես կաթը խմելուց առաջ թուղթը չէի կարդալու, Սառային ասեցի - «Բժիշկ էի կանչել, երեւի նա է գրել այդ թուղթը եւ լուամուտով հեռացել, ինչպես որ մտել էր, երբ ես բնական կարիքներս էի հոգում, բժիշկը նաեւ դեղեր կուղարկի ինձ համար, ասեց որ միայն հանգիստ պառկեմ, իսկ թե երեք օր ուր էի -- հետո կասեմ»: (Շարունակելի)11 Սառան թե «Հիսուս Քրիստոս, այս ինչ խուճուճ պատմություններ են», ես էլ Սառային սուր հարցում արեցի, ասելով - «Սառա թույլ տուր իմ այս քոռ հալով կատակել, եթե Քրիստոսը քոռ չի եղել գոնե մի քանի օրով, ապա որտեղից ծնվեցին քոռ Քրիստոնյաներ եւ ով է տեսել Քրիստոսի սֆաթը եթե ոչ սուտլիկ ձկնորսները եւ սողացող մաքսավորներն ու կարճատես դպիրները», Սառան թե - «Հեղուկը լավ ազդեցություն է թողել քո վրա, ճարտարապետից մարգարե ես դարձել»: (Շարունակելի)12 Կույր լինելս եթե ոչ փորձություն էր, ապա մի իսկական Հայտնություն էր ինձ համար, մանավանդ որ գիտեի ժամանակավոր լինելը եւ սպասվող, միգուցե նոր տեսությունն ու աչքերը, ես ասես պարահրապարակում լինեի, կանչված եւ սպասված մի նոր հյուր, բոլորին, հարազատներիս ու ծանոթներիս, ընկերներիս, անգամ անծանոթներին ակնթարթ առ ակնթարթ հիշում էի, Սառայի միշտ կարոտող եւ եղնիկ հայացքը ասես աչքերիս առջեւ լինեին, իր կախ ընկած եւ փոքրիկ սպի ունեցող ներքնաշուրթով եւ կանաչ աչքերով, ասես խաղաղ, կանաչ լճակներ լինեին եւ երբ որ խանդում էր մի քիչ, այդ խաղաղ լճակը դառնում էր մի փոթորկուն ծով եւ իր իննը մետրանոց ալիքներով փորձում էր ջրասույզ անել, այդ ժամանակ բոլորը սարսափում էին նրանից, բայց այդ ալիքները ինձ էին ուղված: (Շարունակելի)13 Սառան նկարչուհի էր, զույգ եղբայրներ ուներ, որոնք իմ ընկերներն էին, Գաբրիելը եւ Միքայելը, Գաբրիելը Միքայելից մեկ ժամով մեծ էր, ես փոքր էի նրանցից մեկ տարով, իսկ Սառան փոքր էր ինձնից երկու տարով եւ քսանհինգ տարեկան էր, Գաբրիելը դիզայներ էր, իսկ Միքայելը քահանա էր, Սառան սրբապատկերներ էր նկարում եկեղեցու ներսի պատերին, ես միշտ նրան ասում էի - «Ես քեզ սիրում եմ, բայց քո վրձնից զզվում եմ, դու կուռքեր ես նկարում, - ճիշտ են ասում էլի, որ առանց փուշ վարդ չի լինում», մենք միշտ վիճում էինք այդ հարցում, ես նրան ասում էի, որ - կուռքի էությունը բաղադրության մեջ չի կայանում, քարե է, փայտ է, թե ներկ ու նկար, եւ ավելացնում էի - «Աստված ոսկե միջինն է ընտրել, որ մարդիկ մի-քիչ կռապաշտ լինեն, մինչեւ որ Կարմիր Ծովը պատռվի, երկու մաս լինի եւ ճանապարհ բացվի», իսկ նա ասում էր, որ ես հեքիաթների հետեւից եմ ընկած, իսկ ես նրան ասում էի - «Սառա մարդը հլա որ չի կարող իսկականից հավատալ Աստծուն, որովհետեւ մարդը հավատքի համար թույլ է, իսկ կապրիզի համար ուժեղ, աշխարհի բոլոր կրոնները կապրիզ են եւ շահ, այլ ոչ հավատք»: (Շարունակելի)14 Ես Սառային պատասխանեցի - «Այո Սառա հեղուկը լավ ազդեցություն է թողել ինձ վրա, որը կրկնապատկել է իմ գիտելիքները, ասես Սուրբ Հոգին լինի եւ Աստծու կաթը, որից կուրացա, բայց ինչպես ասում են, - վատ է մտքի կուրությունը, քան աչքի կուրությունը, եթե մենք մեկ մարմին լինենք սիրով, ապա քու կանաչ աչքերը իմը կլինի, իսկ իմ գունավոր ուղեղը քոնը կլինի», Սառան ասեց - «Այ տղա կարող է դու Քրիստոսն ես, ես էլ եկեղեցու պատերին քեզ եմ նկարում, բայց առանց աչքաչափի?, թեեւ երկուսիդ էլ սիրում եմ», ես ասեցի - «Սառա Քրիստոսը ինքնանպատակ մարդ չի կարող լինել, որ խոնարվես, այլ Աստծու բերանը եւ խոսքը, այն էլ ժամանակ առ ժամանակ, քանզի Քրիստոսը մարդ է, երազ է տեսնում, քնում եւ արթնանում է, անգամ կարող է երազախաբություն տեսնել, Աստված Քրիստոսից բարձ է, բայց մարդը մինչեւ Քրիստոսին չհասկանա, Աստծուն չի հասնի», Սառան պատասխանեց - «Իսահակ հիմա 21-րդ դարն է, քու աչքերը փրփուրից կբուժեն, ինչպես բժիշկը գրել էր, որ երեք օրից կտեսնես, այնպես որ իմ աչքերը թող ինձ մնան, որ սրանից հետո քեզ եմ նկարելու եկեղեցու պատերին մեծ-մեծ ու քու սեւ աչքերով, հա-հա..., իսկ լուրջ ասած ես քու գունավոր ուղեղից հլա-որ գլուխ չեմ հանում, միգուցե դու ճիշտ ես, եթե սատանան քեզ չի խաբել», ես ասեցի - «Սառա չկա սատանա բացի մեղքից եւ մահից, ժողովուրդները հեռացել են Աստծուց եւ իրենք են իրենց համար թագավոր ընտրում, իսկ սատանան աջից-ձախից ուտում է հոտը, որովհետեւ հոտը ընտրում է ընդամենը ամենալավ ոչխարին, պատահում է որ շփոթված ընտրում է այծին, որպես թագավոր, որոնք չեն կարող պաշտպանել հոտը գայլից, այսինքն սատանաից, իսկ հովիվը, իսկական թագավորը, դա Քրիստոսն է, որի ժամանակ գայլը ուղակի ացետոնի պես ցնդելու է»: (Շարունակելի)15 Սառան ձեռքս բռնեց եւ ասեց - «Արի ես քեզ ուղեկցեմ դեպի հյուրասենյակ, որ հանգիստ պառկես բազմոցին եւ սպասենք բժշկի դեղերին ու ինձ կպատմես թե ուր էիր կորել այս երեք օրը, իսկ մինչ այդ ինչ կասես, որ Աստված նախանձոտ Աստված է, ես այդ մասին կարդացել եմ Աստվածաշնչում, Հին Կտակարանում», ես ասեցի - «Գրված է, որ Աստված նաեւ խանդոտ է եւ այդ նախանձը եւ խանդը արարչագործական է, քանզի Աստված - Արարիչ է եւ այդ նախանձը իսկական եւ բնական նախանձ է, որի մեջ սեր կա եւ նման չէ հարեւանի այն նախանձին, ով լավ ոչինչ չի արել ու նրա մեջ միայն չարություն կա»: (Շարունակելի)16 Մենք ճաշասենյակից ձախ հասանք կլոր պատերով հյուրասենյակ անցնելով զիգզագ միջանցքով, որտեղ կային երեք փախլավաձեւ ննջարաններ, իսկ զուգարանը եւ լոգարանը գտնվում էին երկրորդ հարկում, նրա աստիճանները գտնվում էին ձախակողմյան երկու ննջարանների մեջտեղում, աջ ննջարանի դուռը գտնվում էր ուղիղ այդ աստիճանների դիմաց, միջանցքի աջ հատվող պատերը կտրված էին ննջարանի դռնով, հյուրասենյակի մուտքը գտնվում էր միջանցքի վերջում իր մխրճվող աստիճաններով, բարձրանալով մոտ մեկ մետր, ես կառուցել էի հյուրասենյակը միջանցքից մեկ մետր բարձր, իսկ ճաշասենյակը միջանցքից մեկ աստիճան ցածր էր, միջանցքը սկսվում էր ճաշասենյակի հարող տարածքից, որտեղ տան մուտքի դուռն էր, ճաշասենյակի հատակը եւ տան բակը նույն մակարդակի վրա էին: Ես հազիվ էի պառկել բազմոցին եւ լսվեց դռան թակոց, ես Սառային ասեցի - «Սառա տան բանալին ճաշասենյակի սեղանի վրա է, վերցրու ու բացի դուռը տեսնենք ով է», ես լսեցի Սառայի հեռացող ոտնաձայները, քիչ հետո եկող ոտնաձայները եւ նա ասեց - «Այ քեզ բան, բջջայինդ են բերել, փոստատարն էր, ասեց ինչ-որ մեկը փողոցից գտել է այն եւ հանձնել մոտակա փոստատունը, դրա համար էր հա, որ զանգերիս չէիր պատասխանում»: (Շարունակելի)17 Սառային ասեցի - «Սառա բջջայինս անջատի, ով որ ինձ կհարցնի կասես, որ մեկնել է Եգիպտոս Բուրգերը ուսումնասիրելու, իսկ քու հարցին թե ուր էի այս երեք օրը ասեմ որ այսօր գիշերն եմ եկել Եգիպտոսից, աշխատանքս շատ խիստ գրաֆիկով էր, դրա համար էլ չկարողացա քեզ տեղեկացնել, դե ինչպես տեսնում ես բջջայինս կորցրել էի, այն օրը լուսաբացին, քու ծննդյան օրը հաջորդող լուսաբացին, դե հիշում ես այն ցնցոտիներով աղջկան, ես երկու օրից մեկնելու եմ Պերու, կարեվոր հանդիպում ունեմ, պիտի ուսումնասիրենք այնտեղի կառույցները, որ կառուցվել են նույն ժամանակ, երբ որ կառուցվել են Եգիպտական Բուրգերը եւ դու պիտի ուղեկցես ինձ, քեզ համար ինքնաթիռի տոմս պատվիրիր նույն չվերթով, ես իմը մեկ շաբաթ առաջ եմ պատվիրել», Սառան սկսեց ուրախությունից թռչկոտալ: (Շարունակելի)18 Սառայի ուրախությունը վերջանում էր ծափերով, արագ-արագ ծափահարում էր, վերջացնելով ծափերը ասեցի - «Սառա հիմա պինդ բռնվի, որ վայր չընկնես, մենք չորս օր Պերուում մնալուց հետո այնտեղից պիտի մեկնենք Երուսաղեմ, Արեւմտյան Պատը տեսնելու, որի մեծ-մեծ քարերը նույն կառույցն է ինչ Պերուում -- Մաչու Պիկչուն, Եգիպտոսում -- Բուրգերը եւ Լիբանանում -- Բաալբեկը, կասկած կա, որ այսպես կոչված Արեւմտյան Պատը Սողոմոնի Տաճարի մի մասը չի կազմում, այլ անհայտ կառույցի հատված է եւ տասից-տասերկու հազար տարվա պատմություն ունի, այս հին կառույցները ասես աստղեր լինեն Երկրի վրա եւ խիստ խորհրդավոր են, մարդը սրանց նայելով չպիտի մոլորվի, անգամ եթե այլմոլորակայիններ կան, նրանք էլ չէին կարող այսպիսի բաներ կառուցել, Բուրգերը ասես արու եւ էգ լինեն, խորհրդանշելով մարդու սահմանափակ հոգեւոր պատկերը, անգամ խորհրդանշելով մարդու խտացված եւ այլաբանական կառուցվածքը»: (Շարունակելի)19 Չգիտես ինչու այս անգամ Սառան ծիծաղեց եւ դա ինձ տարօրինակ թվաց, քանի որ Սառան անակնկալներ չէր սիրում, այդ բանում նա ինձ նման էր, անգամ ծիծաղի տոնը ուրիշ էր, երբեք այդպես չէր ծիծաղել, ասես ինչ-որ նոր բան էր հասկացել, սկսեց հարցեր տալ փոխված ձայնով, ասես սեւ յագուարի ձայնը լիներ ժպիտը դեմքին, թեեւ Սառայի մաշկը սպիտակ խնձորի գույն ուներ, իսկ իմը ծիրանի: Սառան ասեց - «Իսահակ ասես երազում լինեմ, կասկածներս փարատելու հմար, որ երազում չենք, քեզ մի քանի հարց պիտի տամ, պատրաստ ես - դե սկսեցինք - Դու կարող ես Սողոմոն իմաստունի նման տաճար կառուցել եւ ինչպիսին կլինի քու կառուցած տաճարի տեսքը», ես պատասխանեցի ասելով - «Կարող եմ կառուցել միայն երկու դեպքում, եթե լինեմ Դավթի Որդին կամ Աստծու Որդին, տարբերությունը միայն ձեռագրի մեջ է, Տաճարի հոգեւոր տեսքը իմ խոսքն է, իսկ արտաքին տեսքը միայն Աստծուն է հայտնի, կատարելության գագաթնակետ է», Սառան ասեց - «Մի հարց էլ - Ինչով է տարբերվում Քրիստոսը մարդուց», ասեցի - «Սառա հիմա մի-քիչ մտածեմ, իսկ դու ինձ մի հատ ծամոն տուր, թուքս չորացել է..., Քրիստոսը դեզի մեջի ասեղն է, որ խոտը ասեղ սարքի, Աստծու համար պիտանի մի բան, այլ չլինի թե կովը ուտի խոտը, դեզը, իսկ դեզը դա ժողովուրդն է»: (Շարունակելի)20 Սառան նորից հարցրեց - «Իսկ քու կարծիքով սերը հավիտենական է, թե ծաղիկի նման թառամում է», ասեցի - «Սառա սերը հավիտենական է եւ համառ, եթե դու նրան մոռանաս նա քեզ չի մոռանա եւ ուշ թե շուտ վրեժխնդիր կլինի, այլեւս սերը գլխիդ վրա թագ չի լինի, այլ պարանոցիդ շղթա կլինի եւ դու շուն կդառնաս, հնարավոր է կատաղած, մինչեւ որ Աստված քեզ բժշկի եւ սերը նորից գլխիդ վրա թագ կլինի ու դու եղնիկի նման ուրախ կլինես», Սառան ծիծաղեց եւ ասեց - «Ապա ինչու է առյուծը ուտում եղնիկին», - ասեմ Սառա - «Բնությունը այդպիսին է, լինում է, որ օձն էլ կծում է առյուծին եւ նա սատկում է, պետք չէ Արարչից առաջ անցնել եւ կյանքի համար հոգ տանել, եթե կարող ես փրկիր եղնիկին առյուծի երախներից»: (Շարունակելի)21 Պատի հնաոճ ժամացույցը ազդարարեց երեկոյան ժամը հինգը, հինգ անգամ զնգալով, ես սիրում էի հնաոճ ժամացույցներ, անգամ հավաքածու ունեի, երկրորդ հարկում որտեղ գտնվում էր իմ մարզասրահը կային տասներկու հնաոճ ժամացույցներ, ժամացույցները դրված էին տասներկու տարբեր ժամերի վրա եւ երբ որ կլոր ժամերին զնգում էին ժամացույցները, առանց նայելու համապատասխանող ժամացույցին վերջին զանգից գիտեի ժամը քանիսն է, քանի որ ձայները տարբեր էին եւ ճշգրիտ էին աշխատում ժամացույցները: Սառան գնաց խոհանոց, որը ճաշասենյակի շարունակությունն էր, այն առանձնանում էր միայն փայտիկ վարագույրով, նա ընթրիք պատրաստեց, ես սով չէի զգում, բայց համաձայնվեցի ընթրել, որ Սառան էլ ընթրի, նա ինձ օգնում էր ընթրել, որովհետեւ ես ոչինչ չէի տեսնում, Սառային խաբում էի ասելով, որ պղտոր եմ տեսնում, չէի ուզում նրան վախեցնել ասելով ճշմարտությունը, ընթրիքից հետո Սառան սուրճ պատրաստեց, նա ինձ սուրճը պնակով խմեցնում էր, սուրճը ըմպելուց հետո Սառան երաժշտություն միացրեց իր հեռախոսից եւ մենք տանգո պարեցինք, դա մի գլուխգործոց էր -- կույր տանգո պարելը: (Շարունակելի)22 Սառայի ու նրա եղբայրների հետ ծանոթացել եմ շատ տխուր պայմաններում, դա վեց տարի առաջ էր, 2080 թվականն էր, Օգոստոսյան մի առավոտ, նրանք՝ Սառան, Գաբրիելը, Միքայելը եւ նրանց ծնողները իմ աչքի առջեւ են ավտովթարի ենթարկվել, նրանք ընթանում էին իմ մեքենայի առջեւից եւ աղվեսը կտրեց նրանց ճանապարհը, դուրս գալով աջակողմյան ձորից, Սառայի հայրը, որ ղեկին էր, տեսնելով աղվեսին շփոթվեց եւ ղեկը կտրուկ ձախ պտտեց, կառավարումը կորցնելով Սառայենց մեքենան առջեւի աջ մասով բախվեց առջեւից եկող բեռնատարին, իսկ սա Սառայենց մեքենան թղթի նման շպրտեց ձախակողմյան ձորը, բեռնատարի վարորդը ուղակի անվնաս հեռացավ, առանց կանգ առնելու, ասես ոչինչ էլ չէր պատահել, ես արագ կանգնեցրի մեքենաս եւ իջա ձորը, որտեղ ընկել էր Սառայենց մեքենան, իջա որպեսզի փրկեմ ինձ անծանոթ մարդկանց եւ անծանոթ ընկերներիս: (Շարունակելի)23 Հորիզոնին թիկնած արեւը ծակում էր աչքերս, ստիպելով ինձ նայել ներքեւ, նայել ձորն ի վար, որտեղ որ պիտի նայեի ձորն իջնելիս, ասես արեւը ինձ խայծում էր ցույց տալով ինձ իմ դժվար կացությունը եւ ասես ակնարկում էր ասելով, որ Աստված չկա, մտքումս ասեցի, - «Դու էլ դավաճան դուրս եկար արեւ տղա, ինչպես քու սիրուհի լուսինն է դավաճան», ձորն իջնելիս ծտերը ծլվլում էին, իսկ գետը ասես խոսում էր իր լեզվով, փայտփորիկը ինչ-որ մի տեղ կտկտացնում էր ձորում, ինչ-որ մի ծառի վրա, ասես հուշելով թե ձանձրույթը ում շունն է, մեքենան ձորում ուղիղ ընկել էր մի միջին ծառի վրա, ծառի բունը կիսակոտրելով մոտ մեկ մետր բարձրության վրա, մեքենան իջել էր ձորը մոտ տասնհինգ մետր, մինջեւ այդ ծառը - կոտրելով այն եւ մնում էր մոտ մի քսան մետր, որ մեքենան հասներ քարքարոտ ձորի վերջը եւ վերջնականապես կործանվել բախվելով գետի ափի խոշոր քարերին, մեքենայի առջեւի մասը այրվում էր եւ այդ այրոցից կպել էր նաեւ ծառը աստիճանաբար թուլացնելով բնի հատվածը եւ ծառի կոտրված մասը, իսկ ծառի վերին հատվածը կոտրված մասից սկսած քիչ-քիչ թեքվում էր դեպի ցած այրվելով մեքենայի համար ճանապարհ բացելով դեպի վերջնական կործանում, մեքենան ուղակի հենված էր կոտրված ծառի վերին հատվածին փոք-ինչ թեքված, ես մինչ այդ կործանումը պիտի հասցնեի մարդկանց դուրս հանել մեքենայից, որոնց ծպտունը անգամ չէր լսվում ու ես չգիտեի ողջ էին նրանք, թե ոչ: (Շարունակելի)24 Երբ մոտեցա այրվող մեքենային նկատեցի, որ հետեւի ապակին կոտրված էր՝ փշուր-փշուր էր եղել եւ լսվեց թեթեւ հառաչանքներ, - «Ուրեմն ողջ են» մտածեցի, դա ինձ ոգեշնչեց եւ ես արագ գործի անցա, բարձրացա մեքենայի հետեւի մասը ու սկսեցի կոտրված ապակու բացվածքից մարդկանց հանել դուրս, նրանք հինգն էին՝ երեքը հետեւի նստատեղում, երկուսը առջեւի, առաջինը հանեցի մի աղջկա՝ դա Սառան էր, նրա ներքեւի շուրթը աջ մասից պատռվել էր մոտ երկու սանտիմետր եւ արյուն էր հոսում, արյունը հոսում էր կզակն ի վար, ես նկատեցի նրա գեղեցիկ դեմքը եւ սառած նայում էի նրան, մոռացել էի մի պահ թե ինչի համար եմ իջել ձորը, ձեռքերիս մեջ Սառան էր ուշաթափված, բայց ողջ, արագ սթափվեցի եւ նորից անցա գործի, այս անգամ ավելի արագ, քանի որ մեքենան առաջ էր շարժվում, Սառային արագ տարա մեքենայից մոտ երեք մետր հեռու եւ պառկեցի ոտքերն ի վար ուղղահայաց դիրքով, որ չգլորվի, տեղանքը մոտ քառասունհինգ աստիճան թեքվածք ուներ, երկու եղբայրներին նույնպես հանեցի նույն կոտրված ապակու բացվածքից եւ դրեցի նրանց քրոջ կողքին, նրանք կոտրվածքներ ունեին եւ հառաջում էին ցավից, նրանց հանելու ժամանակ ասես գերբնական ուժ էի ստացել, առանց այդ էլ իմ ուժը տեղն էր եւ ես ակամայից գործում էի շատ արագ, մեքենան մազ էր մնում, որ գլորվեր դեպի իր վերջնական վախճանը, նրա առջեւը այլեւս ծառ չկար, որ խոչնդոտ հանդիսանար, մնում էր հանել նրանց ծնողներին՝ հորն ու մորը: (Շարունակելի)25 Ես հիշեցի, որ մեքենայիս բեռնախցիկում ունեմ տասը մետրանոց պարան հատուկ նախատեսված մեքենաներ քաշելու համար, այդ պարանը կարող էր օդում կախված պահել բեռը մինչեւ երեք տոննա, իսկ մեքենան հազիվ երկու տոննա լիներ, իսկ քառասունհինգ աստիճան թեքվածքում ձգումը ավելի քիչ կլիներ, պետք էր արագ բարձրանալ ձորը բերել պարանը եւ մեքենան կապել ետեւում գտնվող որեւե ծառից, այդպիսի ծառ կար, որը գտնվում էր մեքենայից մոտ հինգ մետր հեռավորության վրա եւ մի փոքր աջ, բայց մեքենան մազից էր կախված եւ ես կարող էի չհասցնել իջեցնել պարանը եւ այն կապել, դրա համար պետք էր արագ մի բան մտածել եւ կասեցնել մեքենայի վայրէջքը, պետք էր մոտակայքից գտնել համապասխան երկարությամբ մի գերան՝ չոր կամ կիսաչոր եւ այն որպես սեպ խրել մեքենայի տակը, մինչ այդ գերանը նույնպես կայրվեր ես կհասցնեի կատարել իմ գործը՝ բերել պարանը եւ մեքենան կապել ծառից, այդպիսի գերան կար իր համապատասխան չափով, ասես Աստված երկնքից ուղարկած լիներ գերանը: (Շարունակելի)26 Ձորի զառիթափը մոտ քսան մետրից հետո վերջին տասնհինգ մետրը իջնում էր ավելի զառիթափ՝ մոտ յոթանասուն աստիճան թեքվածքով, եթե ծառը վերջնականապես կոտրվեր մեքենան կանգ չէր առնի հայտնվելով կտրուկ զառիթափում, որտեղից որ սկսվում էր կտրուկ զառիթափը հենց սկզբին՝ մեքենայի ուղիղ տակը, կար հողի մեջ խրված մի քար մի քիչ ցից ելած, ես գտածս գերանի հաստ մասը հենեցի այդ քարին, իսկ համեմատած բարակ մասը հենեցի մեքենայի տակի մասը այնպես, որ գերանի հենման մասը կազմի մոտ հարյուր աստիճան, ասես չափով կտրված լիներ գերանը, երբ հենեցի գերանը մեքենան իջավ եւ սեխմեց գերանը, ծառը նորից ճռռաց եւ մի քիչ էլ թեքվեց, բայց վերջնական չկոտրվեց, որովհետեւ գերանը ծառին օգնության էր հասել, եթե կարելի է այդպես անվանել, ես խորը շունչ քաշեցի եւ վազեցի պարանը բերելու, արագ բերեցի պարանը եւ կտրող գործիք հետը, որ կապված պարանը մարդկանց հանելուց հետո կտրեմ եւ մեքենան գլորվի ձորի վերջը, վտանգ կար, որ մեքենան կարող էր պայթել կրակից վնասելով մեզ: (Շարունակելի)27 Մեքենան հենված էր մոտ երկու մետրանոց գերանի վրա, իսկ ծառը կոտրված էր մեքենայի հենված մասից, մոտ մեկ մետր ցածր, հետաքրքիրն այն էր, որ ծառը մեքենայի հարվածի մասից չէր կոտրված, այլ թույլ մասից - տրամաբանական է, ես նախ պարանը կապեցի մեքենայի ետեւում գտնվող համապատասխան մասից, որը թաղված էր հողի մեջ, հետո պարանը ձիգ կապեցի ծառից, մնում էր, որ գերանը վերջնական այրվեր ծառի հետ միասին եւ մեքենայի առջեւի մասը ցած իջներ հողին, որպեսզի կարողանայի Սառայի եւ նրա եղբայրների հորն ու մորը մեքենայի առջեւի դռներից դուրս հանել, իսկ մինչ այդ ես պարապ էի եւ նայեցի Սառայեց կողմը եւ տեսա, որ բոլորը լուռ ինձ էին նայում, ապշած եւ արցունքոտ աչքերով: (Շարունակելի)28 Ինչպես խնձորը կիսած երկու մասի, այնպես էլ իրար նման էին երկու եղբայր, երկուսն էլ խոշոր եւ ուղիղ քիթ ունեին, ճակատները խորանարդ, մազերը ուղիղ եւ դեղին, աչքերը մեղրագույն, Սառան նման չէր իր եղբայրներին՝ միայն ճակատով էր նման, մազերը գանգուր եւ մազութի պես սեւ, քիթը չափավոր ցից, աչքերը փոքր-ինչ խոշոր եւ մուգ կանաչ, ես մոտեցա նրանց եւ ասեցի - «Ողջույն փրկվածներին, ինձ հիշում էք, ես ձեր մեքենայի ետեւից էի ընթանում, իսկ դուք ինձ անցաք երբ որ կանգնեցրի իմ մեքենան աղբյուրի մոտ, ջուր խմելու, իսկ դուք չկանգնեցիք, փառք Աստծու, որ ես կանգնեցի ջուր խմելու, այլապես բեռնատարը ձեր մեքենային հարվածելուց հետո անհոգ շարունակեց ճանապարհը, ծանոթանաք այս տխուր պայմաններում, իմ անունը Իսահակ է», երբ վերջացրի խոսքս լսվեց ծառի ճռռոցը, ծառը վայր ընկավ դեպի գետը, իսկ մեքենայի առջեւի մասը ուժգին ցած ընկավ, եւ ես նորից անցա գործի թողնելով փրկվածներին իրենց տեղում: (Շարունակելի)29 Մեքենան ամուր էր կառուցված եւ թեթեւ էր չափսերի համեմատ, գործել էին ներքին եւ արտաքին անվտանգության համակարգերը, արտաքին անվտանգությունը կազմված էր մեքենայի առջեւում գտնվող եռաշերտ արգելքներից, այն է, որ վթարի դեպքում ճզմվում էր միայն մեքենայի առաջամասը, հարվածը աստիճանաբար մեղմելով, իսկ շարժիչը փշրվում էր, չէր գործել միայն մեքենայի առաջամասի ներքին ջրաշիթային համակարգը, որը կրակը մարելու համար էր, կապածս պարանը ամուր պահում էր մեքենան իր տեղում, ես փրկվածներին տարել էի մեքենայից ձախ, ուստի առաջինը գնացի դեպի մեքենայի ձախ դուռը, որտեղ վարորդն էր՝ Սառայենց հայրը, առաջինը նկատեցի նրա տիպիկ ճակատը, որը առկա էր նրա երեխաների մոտ, նրա պարանոցն էր կոտրվել, որը հետո բուժեցին, նրան հեշտությամբ դուրս հանեցի առջեւի դռնից եւ այդ ժամանակ ինձ օգնության հասան երկու եղբայր, իսկ Սառան լացակումած մամ-պապ էր կանչում, ես եղբայրներին ասեցի, որ իրենց հորը տանեն ուղիղ իմ մեքենան, իսկ ես անցա մեքենայի հաջորդ կողմը եւ բացեցի դուռը, այն էլ մեծ դժվարությամբ եւ տեսա Սառայի մոր աջ ոտքի վերին հատվածում երկաթ էր խրված, այն մեծ դժվարությամբ հանեցի նրա ոտքից եւ նրան ուղիղ տարա իմ մեքենան, նրա ոտքից արագ արյուն էր հոսում, տղաները ինձ ընդառաջ ելան եւ ես իրեց մորը հանձնեցի նրանց ասելով, որ ոտքը ամուր կապեն, որ դադարի արնահոսությունը, նա նույնպես ողջ էր, փրկվեցին հինգ էլ հետո լիովին ապաքինվելով, միայն Սառայի մոր աջ ոտքը հեռացրին, դրանից հետո ես նորից իջա ձորը եւ այնտեղից հանեցի Սառային, որը նորից ուշագնաց էր եղել, իսկ պարանը այդպես էլ չկտրեցի, քանի որ վտանգը ետեւում էր: (Շարունակելի)30 Այս դեպքից երկու տարի անց` 2082 թվականին էր, որ ես դարձա մեծահարուստ, գաղտնի մեծահարուստ, ահռելի կարողության տեր, որը կարող էր իմ կործանման պատճառը դառնալ, թե հոգեպես, թե ֆիզիկապես, այդ ահռելի կարողությունը պետք էր ճիշտ օգտագործել՝ չափավոր եւ գաղտնի, այլապես կործանումը անխուսափելի կլիներ, ես պատահաբար գանձերով լի քարանձավ-տուն էի հայտնաբերել ժայռի ներսում՝ փորված-քանդակված տուն, այնտեղ պարկերով եւ մեծ սափորներով լի ոսկի, զարդեր եւ թանկագին քարեր կային, քառասուն կտոր գանձ կար այնտեղ, այն երեւի ինչ-որ մի հնադարյան իշխանի կամ թագավորի գանձերն էր, ժայռի ներսում փորած, քանդակած տունը ուներ երեք սենյակ եւ նախասրահ, որոնց բարձրությունը հասնում էր յոթ-ութ մետրի, նույնքան էլ նրանց պատերի երկարությունն էր, այդ տունը լուսամուտներ չուներ եւ մութ էր այնտեղ, օդափոխությունը արտաքին աշխարհի հետ կատարվում էր միայն ոլորապտույտ գաղտնի անցքերով, ինչպես ասենք ծխատարներն են լինում, որտեղից լույսը չէր թափանցում, տան միակ մուտքը գտնվում էր գետի հունի հատակին՝ գաղտնի թունել էր փորված, երկու մետր տրամագծով եւ մոտ քսան մետր երկարությամբ, թունելի մեջ լցված էր գետի ջուրը եւ այդ ջուրը լցվում էր նաեւ գետին հարող ժայռի ներսում գտնվող տան նախասրահի լողավազանը, որի մակարդակը համապատասխանում էր գետի մակարդակին, անգամ լողավազանը ուներ պահուստային բարձրություն, գետի վարարման դեպքում՝ երբ որ գետի ջուրը բարձրանում էր, բարձրանում էր նաեւ լողավազանի ջուրը, հավանաբար շինարարները այդ տունը կառուցելու ժամանակ ժամանակավորապես փոխել էին գետի հունը, որ կարող լինեին փորել՝ թունելը եւ ժայռը, ինչպես ասենք մետրոն են փորում եւ կառուցում քաղաքի տակը: (Շարունակելի)31 Ժայռը փոքր-ինչ բարձրանալու եւ հաշվենկատ լինելու դեպքում տեսանելի էր գետի այն հունի հետքը, որը փորել էին տունը կառուցողները, որպեսզի գետի ջուրը շրջանցեր այն վայրը որտեղից պիտի փորվեր տան մուտքը՝ այսինքն այն թունելը, որը տանում էր դեպի տուն, դեպի ժայռի սիրտը, դեպի սրտաձեւ լողավազանը, գետի միջին խորությունը երեք մետր էր, իսկ լայնությունը տասնհինգ, այն հոսում էր ձորի ձախ մասով, ձախ՝ գետն ի վար, ձորի հատակը հարթ դաշտավայր էր հիշեցնում, որի լայնքը տեղ-տեղ հասնում էր միջեւ երկու հարյուր մետրի, իսկ ամենաքիչը հիսուն մետր էր, գետը ասես կարագի նման կտրել էր իր հունը այդ դաշտավայրում, ի ցույց դնելով իր ուժը, թունելի սկիզբը շուրջանակի պատված էր մոտ մեկ մետր բարձրությամբ խոշոր եռանկյունաձեւ քարերով, որը իրար էր միացված մազաչափ ճշտությամբ, իսկ թունելը ներսից պատված էր մանր քարերով, դասավորվածությունը կամարաձեւ, որից մի քար անգամ պոկված չէր: (Շարունակելի)32 Բացի ճարտարապետ լինելուց ես նաեւ լավ լողորդ էի, միջազգային ասպարեզում ինձ հավասարը չկար, բազմաթիվ մրցաշարերի հաղթող եւ մեդալակիր էի, մանկությունից սիրում էի լողը եւ գետը լողում էի հոսանքին հակառակ, այդ գետը այն վթարի եւ գանձերի գետն էր, որը գտնվում էր մեր գյուղի մոտ, գյուղը տեղակայված էր այդ ձորի արեւելյան մասում, լողորդ լինելով ամիսը մեկ օր փրկարար էի աշխատում ծովափում, իմ տունը գտնվում էր քաղաքում, ծովի ափին, քաղաքը նորակառույց էր, իմ տունը նույնպես, ես քաղաք էի եկել ուսանելու եւ ինչու չէ նաեւ ապրելու, ես ծնվել եւ մեծացել եմ գյուղում, մեր գյուղը նոր անուն էր ձեռք բերել - Բեթղեհեմ, այն օրից երբ մի մարգարե երկնքից իջնելով գյուղի դիմացի սարի վրա մեծ քարերով գրել էր - Բեթղեհեմ -, այդ դեպքից հետո փոխել էին գյուղի անունը, ականտես հինգ հոգի տեսնելով այդ տեսարանը դարձել էին համր, մարգարեն շրջվելով տեսել է, որ դիտում են իրեն եւ համր է դարձրել նրանց, իմ մայրս ուսուցչուհի էր եւ աշխատում էր գյուղի դպրոցում, իսկ հայրս ֆերմեր էր, մենք գյուղում մեծ ֆերմա ունեինք՝ հինգ հարյուր գլուխ կով եւ հազար գլուխ ոչխար ունեինք, հորս անունը Արտաշես էր, իսկ մորս անունը Եսթեր էր եւ նա քաղաքից էր հարս եկել գյուղ: (Շարունակելի)33 Մեր գյուղի ժողովուրդը եւ քաղաքի ժողովուրդը աղքատ էին ապրում եւ պարտքերի մեջ խրված էին, ես որոշեցի գաղտնի օգնել նրանց, քանի որ գանձերը գտնելով դարձել էի մեծահարուստ, մի պարկ ոսկի եւ մի պարկ թանկագին քարեր հանեցի ժայռում գտվող տնից եւ տարա քաղաք՝ իմ տուն, սպասեցի այքան միջեւ, որ հորդառատ անձրեւ գա քամու եւ փոթորկի ուղեկցությամբ, այն չուշացավ՝ չորս օր հետո գիշերը տեղաց հորդառատ անձրեւ փոթորկի ուղեկցությամբ, փոթորկի ժամանակ նստեցի մեքենաս եւ առջեւի ապակին բացելով սկսեցի ոսկին եւ թանկագին քարերը շաղ տալ քաղաքի փողոցներում եւ տան բակերից ներս, պարկերի տակի մնացածը ինձ պահեցի իբր այդքան էլ ես եմ գտել, հաջորդ օրը քաղաքում մի խառնաշփոտ էր եւ ցնծություն, բոլորը խոսում էին, որ հնարավոր է փոթորիկը ծովի հատակից հանել է գանձերը եւ այն շաղ տվել քաղաքում (ես այդպես էլ ծրագրել էի, որ այդպես կխոսեն), բայց հանելուկը չէին գտնում, բոլորը ապշած էին, այն արագ տարածում գտավ համացանցում եւ լրատվական միջոցներում, միջազգային մի ոսկերչական կազմակերպություն հատուկ եկել էր մեր քաղաք եւ խնդրում էր, որ իրեն վաճառեին գտնված ոսկին եւ քարերը, քանի որ այն բարձորակ էր եւ յուրահատուկ, մի քիչ անց ես էլ վաճառեցի իբր իմ գտածը եւ գումարը տարա գյուղ, գումարը տվեցի մորս եւ ասեցի, որ այն բաժանի գյուղի աղքատներին, իսկ մորս մի վզնոց նվիրեցի, որից կախված էր մի խոշոր զմրուխտ քար: (Շարունակելի)34 Գանձերի տանը գանձերը դրված էին ըստ տեսականի, նախասրահից ձախ սենյակում դրված էր պարկերով լի ոսկին, պարկերը գործված էին ուղտի մազից, տասներեք պարկ ոսկի կար այնտեղ, պարկերը սովորականից մեծ էին, այնպես, որ ամեն մեկի մեջ մի ոչխար կտեղավորվեր, ոսկով պարկերը շատ ծանր էին, բարձրացնելը անհնար, ոսկին մետաղադրամի տեսք ուներ, սեւ թուզի չափով, ոսկու մի երեսին կնոջ երես էր ձոնած, մյուս երեսին մերկ խաչ էր ձոնած, մեջտեղի սենյակում նույն պարկերով եւ նույն քանակի զարդեր էին դրված, զարդերը բազմազան էին, տարատեսակ թանկագին քարերով՝ ականջօղերով սկսած, վերջացրած տղամարդու մատանիներով, իսկ մեջտեղում թագավորի եւ թագուհու պսակներով, աջ սենյակում տասներեք սափոր լի թանկագին եւ կիսաթանկագին քարեր կային՝ ադամանդից մինջեւ մարգարիտ, քարերի միջին չափսը զեյթունի չափ էր, սափորները լայն բերան ունեին եւ մեկ մետր բարձրություն, իսկ նախասրահի աջ մասում, քանի որ սրտաձեւ լողավազանը ձախ թեքվածություն ուներ, կար հենակի վրա դրված պղնձե ավազան, մոտ մեկ մետր տրամագծով ու քառասուն սանտիմետր բարձրությամբ, այն լի էր միայն զմրուխտից պատրաստված զարդերով, այն շղթան, որը տվել էի մորս, այդ ավազանից էի վերցրել: (Շարունակելի)35 Աջ սենյակի տասներեքերորդ սափորը փակ էր, վրան հալած մոմ էր լցված, վրայից մոմի շերտը հանելով տեսա, որ մեջը լի էր տարբեր գույների եւ չափսերի մարգարիտներով, կավե սափորը մոմով զմռսել էին, որպեսզի մարգարիտը չապականվի, մարգարիտների չափսը հասնում էր մինչեւ հավի ձվի չափ, իսկ մանրը պնդուկի չափ էր, այդ մարգարիտները պիտի շուտ վաճառեի, որ չապականվեր եւ ծառայեր իր նպատակին, ես ձեռնամուխ եղա եւ վաճառեցի մարգարիտները, նաեւ վաճառեցի երկու հատ կիսամշակ հազար կարատանոց ադամանդներ եւ նրանց գումարով մեր քաղաքում հիմնեցի արտադրություն, մարտկոցների արտադրություն՝ ժամացույցի մարտկոցներից մինջեւ արեւային մարտկոցներ, մարտկոցների արտադրությանը կից հիմնեցի նաեւ հեծանվային արտադրություն, այդ հեծանիվները նոր էին, աշխատում էին միկրոշարժիչներով եւ արեւային մարտկոցներով, այնպես, որ հեծանիվի ոտնակները պտտելիս մարդը երկու անգամ ավելի քիչ ուժ էր գործածում, իսկ արագությունը բազմապատկվում էր երեք անգամ, քան մեխանիկական հեծանիվներն էին: (Շարունակելի)36 Չորս տարի տեւեց արտադրությունը կազմակերպելը եւ գործարանը կառուցելը, մասնագետներ գտնելը եւ աշխատողներ հավաքագրելը, ուղակի այնքան խոսում ես ու վազում, որ մարմնիդ բոլոր մկանները բռնվում են, արտադրությունը շատ չնչին օգուտով էր աշխատում ինձ համար, բայց աշխատողները լավ էին վարձատրվում, իսկ ապրանքը գնողները էժան էին գնում, ես հարստություն կուտակելու խնդիր չունեի, այլ փորձում էի բարելավել մարդկանց կյանքը եւ դա ինձ հաճույք էր պատճառում, մասնակցում էի տարբեր բարեգործական ծրագրերին, բավականին առատաձեռն ու շոշափելի, իսկ իմ հակառակորդներին չէի ոչնչացնում, այլ կոտրում էի ծնկոսկրը, որ իր հաց ու պանիրը ուտի եւ լավ մարդ դառնա եւ ասում էի - «Եթե մեջդ սատանա է մտել, ապա ճիճվի դեղ խմի», այսպես անցան տարիները մինջեւ այն լուսաբացը: (Շարունակելի)37 Տանգո պարելու ժամանակ Սառան ասեց - «Իսահակ այս ինչ լավ հոտ է գալիս քո վրայից, եթե գաղտնիք չէ ասա թե սա ինչ օծանելիք է, իսկական տղամարդու օծանելիք է, տրամադրությունս կտրուկ բարձրանում է», ես հասկացա, որ դա այն կաթի հետեւանքն է, որը սկսել էր փոխել իմ մարմնի բաղադրությունը, հիշեցի Եսայի այն մարգարեությունը թե - «Ինչպէս որ շատերը քեզ վրայ պիտի զարմանան, երբ անշքանա մարդկային քո տեսքը եւ քո փառքը, որ մարդկանց որդիներից է», թեպետ սա ավելի շատ հոգեւոր եւ հոգնակի մարգարեություն է, քան ֆիզիկական եւ մի մարդու համար, մտքումս ասեցի - «Երանի մի մարգարե լիներ գրեր իմ մասին, իմ պատմությունը, բայց քանի որ չկա այդպիսի մարգարե, ես եմ գրելու իմ պատմությունը եկող սերունդների համար, եթե փլավը խորոված չդառնա, իսկ ժամանակը խուճուճ», ես ասեցի - «Սառա այս օծանելիքը միայն Օծյալի համար է, չէ որ Օծյալին օծում են եղջյուրով լի օծանելիքով»: (Շարունակելի)38 Շարունակելով խոսակցությունը Սառան ասեց - «Իսահակ ես շատ կցանկանայի, որ դու Օծյալը լինես, քանի որ Քրիստոսի երեսը ոչ ոք չի տեսել, բայց չէ որ Օծյալին անցյալում խաչել են եւ նա հարություն է առել, իսկ եթե դա սուտ է եղել ապա դու ինչպես պիտի այս գազան աշխարհի հախից գաս, չէ որ երկրորդ անգամ խաչը չի անցնի», ես ասեցի - «Սառա այդ մարդուն, որ անցյալում խաչել են, կամ կախել են, նա հավանաբար Քրիստոսը չի եղել, ոչ էլ հանցագործ է եղել, ոչ էլ մարգարե է եղել, այլ մի անմեղ հավատացյալ է եղել եւ Աստված նրան հարություն է տվել ու նա հիմա խորը քնած է ինչ որ մի ժայռի կիրճում, Աստված խորը տարբերություն չի դնում սովորական հավատացյալի եւ իր որդու միջեւ եւ սիրում է բոլորին հավասար, եթե խաչել են մի անմեղ մարդու, դա Աստծու համար նույն է, ինչ իր որդուն խաչեն, Աստծու գործերը որքան որ հայտնի են, այդքան էլ գաղտնի են եւ ծածկագրված, իսկ աշխարհի հախից գալը դա Աստծու գործն է»: (Շարունակելի)39 Սառան ասեց - «Իսահակ արի դուրս գանք ծովը ու լողանանք, ես կուղեկցեմ քեզ, համ էլ դու սիրում ես երեկոյան լողալ ծովում, իսկ աղաջուրը աչքերիդ համար լավ կլինի, ի դեպ ինչ եղան դեղերը, որ բժիշկը խոստացել էր եւ կասես թե ով է քու անունը Իսահակ դրել՝ մայրդ թե հայրդ, Իսահակ նշանակում է Պիտի Ծիծաղի, այս հարցը միշտ մոռանում եմ տալ քեզ», ես ասեցի - «Սառա շատ նախանձախնդիր հետաքրքրություն ունես, իմ անունը ութ տարեկանում փոխել են դնելով Իսահակ, իսկ մինչ այդ իմ անունը Ալեքսանդր է եղել, մայրս երազ է տեսել եւ երազում մի շիկահեր կին ձեռքերն ու ոտքերը ծակ՝ ասես Քրիստոս, ասել է, որ իմ անունը փոխեն եւ Իսահակ դնեն, մայրս շատ է վախեցել եւ փոխել է իմ անունը, իսկ դեղերի համար ծովի ձկներին կհարցնենք», Սառան ասեց - «Ես գիտեմ, որ դելֆինը կարողանում է հայերեն խոսել, նրանց էլ կհարցնենք քու դեղերի համար», ասեց ու ծիծաղեց դելֆինի նման, եթե դելֆինը իսկապես ծիծաղում է, - դե ես պատկերացումից շատ ուժեղ եմ, մենք դուրս եկանք ու լողացինք ծովում, իսկ իմ փարոսը Սառայի ձայն էր, լողալու ժամանակ Սառան ասեց - «Իսահակ, իսկ դու կարող ես ջրի վրա քայլել ինչպես Քրիստոս», ես ասեցի - «Սառա երեք օր հետո գլխի վրա կքայլեմ ջրի վրա, ինչպես մարդը քայլում է ինտերնետում գլխի վայր»: (Շարունակելի)40 Այդ գիշեր եւ հաջորդ գիշերը Սառան գիշերեց իմ տանը՝ առաջին անգամն էր դա, նա քնում էր իմ սենյակում, որը աստիճանների դիմացն էր, իսկ ես քնում էի աստիճաններից ձախ սենյակում, որը համեմատաբար ավելի հով էր իմ սենյակից հետո (ես ամռանը կոնդիցիոներ օգտագործել չէի սիրում), մենք մեկ ժամ ծովում լողալուց հետո թաց-թաց եկանք տուն, ցնցուղ ընդունեցինք եւ անգամ մարզվեցինք սեղանի թենիսով - ծիծաղելով, ես փորձում էի կույր-կույր թենիս խաղալ եւ դա ինձ մոտ վատ չէր ստացվում, քանի որ լսողությունս սկսել էր սրվել, իսկ ապագայում ես լսում էի անգամ մայրցամաքից մայրցամաք..., իմ տան բակի երկարությունը հիսուն մետր էր եւ դեպի հյուսիս վերջանում էր անմիջապես ծովի ափին, բակի լայնությունը քառասուն մետր էր, իսկ տունը գտնվում էր բակի հարավային մասում, իմ տան հարեւանությամբ՝ արեւելյան մասում մանկապարտեզ էր, իսկ արեւմտյան մասում դպրոց էր, տանս առջեւը եղեւնիների դաշտ էր, իսկ դիմացը փախլավաձեւ Դելֆին հյուրանոցն էր, որը ուներ Գիսաստղ կարգավիճակ, այնտեղ կոշիկներով մուտքը արքելված էր՝ միայն ոտաբոբիկ, հյուրանոցի հատակների ջերմաստիճանը հաստատուն քառասուն աստիճան էր, իսկ օդի ջերմաստիճանը հաստատուն քսանհինգ աստիճան էին ապահովում՝ համարներում ըստ պատվերի: (Շարունակելի)41 Մենք մեկնեցինք Պերու երրորդ օրը, ինքնաթիռում Սառան նստել էր երկու նստատեղ առաջ, իմ կողքը նստած էր մի տատիկ եւ ոչ մի կերպ չցանկացավ իր նստատեղը փոխել Սառայի հետ, ինքնաթիռում բոլորի տրամադրությունը բարձր էր, պատճառը իմ օծանելիքի հոտն էր -- ինչպես Սառան էր ասում, բացի այդ նրանց գլուխը սկսել էր լավ աշխատել եւ ինքնաթիռում ծրագրեր էին կազմում իրենց ապագայի համար, ես լսում էի նրանց բոլոր խոսակցությունները եւ հասկացա, որ հոգին է մարմնի վերարկուն, այլ մարմինը չէ հոգու վերարկուն, իսկ ոգին դա մարդու ուղեղն է, մարդը որ ծնվում է ոգի է ունենում, իսկ հոգին տրվում է Աստծու կողմից, որը զորացնում է ոգին դարձնելով այն մի կտոր՝ հոգին ու ոգին ձուլվում են իրար եւ բուժում ամբողջ օրգանիզմը եւ մարդը չի զգում անգամ, որ ոսկոր ունի, ասես դրախտում, երբ ինքնաթիռը օդ բարձրացավ իմ աչքերը սկսեցին կամաց-կամաց տեսնել: (Շարունակելի)42 Հին Կտակարանի մի Սաղմոս ինձ հուշեց, որ տատիկը՝ որը նստած էր իմ կողքը, մի գաղտնիք է թաքցնում, իմ աչքերը արդեն տեսնում էին եւ բավականին պայծառ, տեսնում էի անգամ շրջադարձ եւ շատ հեռու, շրջադարձ կարող էի տեսնել դիմացիս պատի հետեւը, տեսնել մթության մեջ, տեսնել փակ նկուղի ներսը, ես շրջվեցի դեպի այդ տատիկը եւ սկսեցի ուշադիր զննել նրան եւ նկատեցի, որ իմ կողքը նստած էր ծեր Սառան եւ նա ժպտաց, անգամ նրա շրթի սպին էր պահպանվել, իսկ Սառան անգամ վիճեց այդ տատիկի հետ նստատեղի համար, իսկ տատիկը այնպես շշպռեց Սառային, որ ես անգամ ծիծաղեցի, իսկ Սառայի կողքը նստած էր մի պապիկ, ես շրջադարձ նայեցի նրան եւ ի զարմանս ինձ տեսա, որ դա ես եմ ծեր տարիքում, այդ իրողությունը Աստծու կողմից էր, ցույց էր տալիս մասնակի դեպք, որ Աստված կարող է անգամ ժամանակի ձեւը փոխել, ժամանակը դարձնել այսպես ասած - խուճուճ, ես մտքումս ասեցի - «Ինչքան գաղտնիք կա Աստծու աշխարհում»: (Շարունակելի)43 Մարդը, որ ճաշակ է ունենում, այդ ճաշակը կամ Աստծուն է նվիրում, կամ ընկերոջն է նվիրում, կամ կնոջը, միջին տարբերակ շատ հազվագյուտ է լինում -- ճաշակը նվիրել բոլորին, քանի որ սիրահարվածության հիմքում ընկած է մարդու ճաշակը համեմված ազատությամբ, մենք նախավայրէջք կատարեցինք մինչ Պերու հասնելը եւ այն տատիկին ու պապիկին այլեւս չտեսանք, նրանք նախավայրէջքից հետո ինքնաթիռ չբարձրացան եւ ջահել Սառան նստեց իմ կողքը, նա շատ վախեցած էր այդ տատիկից ու պապիկից, ինչ-որ բան գլխի էր ընկել, բայց այդ մասին չէր խոսում, մեզ Պերուում սպասում էր իմ մանկության ընկերս՝ Մովսեսը, նա դիմավորեց մեզ օդանավակայանում եւ մենք գնացինք իր տունը, նա կարատե-դո ի վարպետ էր եւ նկարահանվում էր ֆիլմերում: (Շարունակելի)44 Ինչպես, եթե Քրիստոսը եկեղեցի չի ստեղծում, ապա եկեղեցին է ստեղծում Քրիստոսին, խաչում եւ հարություն տալիս, Ղազարոսին էլ է հարություն տալիս, քանզի Աստված համբերատար է, իսկ մարդը անհամբեր, քանզի մարդը կարճ է ապրում եւ չի ուզում Քրիստոսին տեսնել իրենից հետո, մարդը, որ Աստծու պատկերով է ստեղծված իրեն իրավունք է վերապահում ավետարան գրել, բայց ավետարանը դա Նոր Կտակարան չի, այլ Ուրիշ Կտակարան է, քանզի Աստված մեկ անգամ է կտակում եւ չի փոփոխում այն, ուրեմն Հին Կտակարանը դա Նոր Կտակարանն է եւ ինչպես ասում են - նորը դա լավ մոռացված հինն է, այսպես կոչված Նոր Կտակարանը դա Հին Կտակարանի շպարն է, իսկ շպարը մաքրվում է, իսկ եթե Հին Կտակարանը տղամարդ է, այլ ոչ կին, ապա թրաշ է աճում եւ այդ թրաշը Քրիստոսն է: (Շարունակելի)45 Մովսեսը միշտ ասում էր - «Կարատե դո-ն Աստվածային ոճ է, որը պաշտպանական է եւ չունի երկակի ձեւ, կաշառք վերցնել մի ձեռքով եւ պաշտպանվել մյուս ձեռքով, առավել եւս պարծենալ սեւ գոտիով», ես համաձայն էի նրա հետ, քանզի Աստված անաչառ է, մեկ Իսրայելին դարձնում է թագավոր, մեկ փռում է գետնին մեղքի պատճառով, Իսրայելցիներին ավելի խիստ է դատում, քան հեթանոսներին, Որդու նկատմամբ ավելի պահանջկոտ է, քան օտարի, օտարին որդեգրում է, իսկ Որդուն ստրկության մատնում, ինչպես Հովսեփին, երբ նրան եղբայրները վաճառեցին ստրկության, իսկ հետո Հովսեփը դարձավ փարավոն, անգամ Իսրայելցիների փարավոնը, իսկ հետո Աստված փոխեց իր անունը եւ դարձավ Եվհովա, հանուն Քրիստոսի, իսկ մեզ սպասվում են նոր հրաշքներ նման հնին, դժվար որեւէ մեկը իմանա Աստծու անունը, քանզի Աստծու անունը սկսվում է Եգիպտական բուրգերից առաջ եւ վերջանում է հավիտենականության մեջ, ով գիտի Աստված ինչ տեսք ունի, միգուցե Աստված իրար նման կամ իրար ոչ նման Աստվածների մի ամբոջ բանակ է, որոնք մեկ են եւ նման չեն չաստվածներին: (Շարունակելի)46 Մենք Մովսեսի հետ եկել էինք այն եզրակածության, որ հեքիաթային, ոչ այլաբանական, այսպես կոչված փարիսեցիները եւ Հիսուս Նազովրեցին իր առաքյալներով դրանք երկու աճեցրած գեղեցիկ թուփեր են, առաջին թուփը, որը փարիսեցիներն են, մնացել է փոքր եւ առանց խուզ, այսպես ասած ցանցառ, իսկ երկրորդ թուփը, որը Նազովրեցին է եւ առաքյալները մեծ աճեցրած է, որից կարելի է միայն խաղալիք կախել, եւ այդ թուփը գեղեցիկ խուզած է ոչ մեկից ետ չմնացող Պողոս առաքյալի կողմից, իսկ Հին Կտակարանը դա Կենաց ծառն է իր պտուղներով` բնական, որի վրա խաղալիք կախելու կարիք չկա, իսկ եթե ավետարանում կա լավ առակներ եւ դիպուկ խոսք, ապա դա կարելի է նմանեցնել թփի, չէ որ թուփն էլ պակաս սորտ չի, բայց չի համեմատվի Կենաց ծառի հետ: (Շարունակելի)

1 comment: